Բնագիտություն

 

Բրազիլիա (պաշտոնապես՝ Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունպորտ.՝ República Federativa do Brasil), Հարավային Ամերիկայի և Լատինական Ամերիկայի խոշորագույն պետությունը։ 8,5 միլիոն քառակուսի կիլոմետր տարածքով[1] և ավելի քան 208 միլիոն բնակչությամբ Բրազիլիան հինգերորդ խոշորագույն պետությունն է տարածքով և հինգերորդ խոշորագույնը` բնակչությամբ։ Մայրաքաղաքն է համանուն Բրազիլիան, իսկ խոշորագույն քաղաքն է Սան Պաուլոն։ Դաշնությունը բաղկացած է 26 նահանգներից, դաշնային շրջանից և 5 570 մունիցիպալիտետներից։ Բրազիլիան խոշորագույն երկիրն է, որտեղ պորտուգալերենը պետական լեզուն է և միակն է Ամերիկայում[2][3]։ Պետությունը ամենաբազմամշակութային երկրներից է աշխարհում, քանի որ դարերի ընթացքում տեղի է ունեցել զանգվածային ներգաղթ դեպի Բրազիլիա[4]։

Արևելքում սահմանակցելով Ատլանտյան օվկիանոսին` Բրազիլիան ունի մոտ 7491 կմ ափամերձ գոտի[5]։ Այն սահմանակցում է Հարավային Ամերիկայի բոլոր երկրներին բացառությամբ Էկվադորին և Չիլիին և զբաղեցնում է մայրցամաքի ցամաքային տարածքի 47,3%-ը[6]։ Պետության Ամազոնի դաշտավայրը ներառում է լայնածավալ արևադարձային անտառներ, որտեղ ապրում են կենդանական աշխարհի բազում ներկայացուցիչներ, բազմազան բնապահպանական գոտիներ և մեծ թվով բնական ռեսուրսներ[5]։ Իր եզակի բուսական ժառանգությունը Բրազիլիային դարձնում են աշխարհի 17 մեգաբազմազան երկրներից մեկը և գլոբալ հետաքրքրության առարկա։

Բրազիլիայում բնակվել են բազմաթիվ ցեղեր մինչև 1500 թվականը, երբ ճանապարհորդ Պեդրու Ալվարեշ Կաբրալը տարածքը հայտարարեց Պորտուգալական կայսրության գաղութ։ Բրազիլիան մնաց Պորտուգալիայի գաղութը մինչև 1808 թվականը, երբ կայսրության մայրաքաղաքը Լիսաբոնից տեղափոխվեց Ռիո դե Ժանեյրո։ 1815 թվականին գաղութը ստացավ թագավորության կարգավիճակ և ձևավորվեց Պորտուգալիայի, Բրազիլիայի և Ագրավեյի միացյալ թագավորությունը։ Անկախություն ձեռք բերվեց 1822 թվականին, երբ ձևավորվեց Բրազիլիայի կայսրությունը, որը ունիտար երկիր էր և կառավարվում էր սահմանադրական միապետի և խորհրդարանական համակարգի կողմից։ 1824 թվականին ընդունվեց առաջին սահմանադրությունը և ձևավորեց երկպալատանի խորհրդարանը, որն այժմ կոչվում է Ազգային կոնգրես։ Երկիրը դարձավ նախագահական հանրապետություն 1889 թվականի ռազմական հեղաշրջումից հետո։ 1964 թվականին ռազմական դիկտատուրա հաստատվեց երկրում ռազմական հեղաշրջումից հետո, որն իշխեց մինչև 1985 թվականը, որից հետո քաղաքացիական կառավարությունը վերադարձվեց։ Բրազիլիայի ներկայիս սահմանադրությամբ, որն ընդունվել է 1988 թվականին, ամրագրված է, որ երկիրը ժողովրդավարական դաշնային հանրապետություն է[7]։ Չնայած հարուստ մշակութային պատմությանը, երկիրը ՅՈՒՆԵՍԿՈ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների քանակով տասներեքերորդն է աշխարհում[8]։